Իրանը կարող է մասնակցել «Նաբուկո» գազամուղային նախագծին, սակայն դրա համար նա պետք է լավացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Նման կարծիք է հայտնել Կոլումբիայի համալսարանի էներգետիկայի, ծովային տրանսպորտի ու հասարակական քաղաքականության հարցերով կենտրոնի աշխատակից Ջանին Միտչելը՝ Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, Եվրամիությունը պետք է միասնական դիրքորոշում ունենա եւ տրամաբանական ու հետեւողական էներգետիկ քաղաքականություն վարի Կովկասի ու Եվրասիայի հետ իր հարաբերություններում:
«Երբ դա իրականացվի, կնվազեն հնարավոր խոչընդոտներն ու ռիսկերը կապված նախագծերի, այդ թվում նաեւ „Նաբուկո“-ի իրականացման հետ»,- ասել է Միտչելը:
7,9 միլիարդ եվրո արժողությամբ «Նաբուկո» նախագիծը նախատեսում է կասպյան ու Մերձավոր Արեւելքի գազը հասցնել ԵՄ երկրներ: Նախատեսվում է, որ նախագծի շինարարությունը կսկսվի 2011 թվականին, իսկ առաջին մատակարարումները` 2014 թվականին: Գազամուղի առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 31 միլիարդ խմ գազ: Նախագծի մասնակիցներն են ավստրիական OMV, հունգարական MOL, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz, թուրքական Botas եւ գերմանական RWE ընկերությունները:



























