Լոս Անջելես քաղաքում ստեղծվել է Ընկերների միություն, որը մեծ գալա-համերգով առաջին դրամահավաքն է կազմակերպել մեր նվագախմբի համար: NEWS.am-ի հետ հարցազրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Ըստ նրա՝ իհարկե, աստղաբաշխական գումարներ չեն հավաքվել, քանի որ ամեն ինչ առաջին անգամ էր արվում, սակայն շատ լավ հիմք է ստեղծվել, եւ  նվագախմբի ընկերների թիվն ավելացել է:

 «Ինչպես միշտ, 2013թ. եւս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը շատ ինտենսիվ է աշխատել:  Հիմնական ձեռքբերումը համարում եմ աշխատանքի որակի բարելավումը, եւ դա բոլորն են նկատում:

Ես միշտ էլ ասել եմ, որ ինձ համար մեծագույն ձեռքբերումը կլինի այն, որ մեր նվագախումբը դառնա աշխարհում լավագույններից մեկը», - ասել է Թոփչյանը: Նա նկատել է, որ սկզբում դա անհնար էր թվում, սակայն արդեն մի քանի տարի է՝ նվագախումբն առաջ է գնում խոշոր քայլերով: «Անցյալ տարի մենք ելույթներ ունեցանք հռչակավոր արտիստների հետ, եւ բոլորն իրականում բարձր գնահատեցին մեր աշխատանքը, զգացվում է, թե որքան լավ վերաբերմունք է ձեւավորվել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նկատմամբ  աշխարհի ականավոր  գործիչների մոտ, որոնք կարծիք են ստեղծում:

Ամեն առավոտ մեր էլեկտրոնային հասցեին տասնյակ առաջարկներ են ստացվում խոշոր ընկերություններից («GMG», «Columbia Artist», «Harrison Parrot») այն մասին, որ ցանկանում են իրենց երաժիշտներին ուղարկել մեզ մոտ համագործակցության համար, նման բան նախկինում չէր եղել», - պատմել է գլխավոր դիրիժորը՝ ընդգծելով, որ այդ ընկերությունները լավ գիտեն. եթե իրենց երաժիշտները Հայաստան գան, իրենք չեն ստանա իրենց սովորական հոնորարները, այլ ընդամենը խորհրդանշական մի գումար:  Այնուամենայնիվ, Ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնագիտական մակարդակը, ինչպես վստահեցնում է Թոփչյանը, այնքան բարձր է գնահատվում աշխարհում, որ  մարդիկ պատրաստ են ճիշտ եւ հաճելի երաժշտության համար գնալ այդ զոհողությանը:  «Սա էլ հենց ես համարում եմ մեր հիմնական ձեռքբերումը: Այժմ իմ գլխավոր նպատակներից մեկն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամների աշխատավարձների բարձրացումը, քանի որ եթե մենք ցանկանում ենք  լինել հայտնի նվագախմբերի շարքում, ապա մի օր մեր բյուջեն պետք է հավասար լինի գոնե նրանց բյուջեի 10%-ին: Բնականաբար, մեզ օգնում են ինչպես հանրապետության նախագահը, այնպես էլ  «Վիվա-Սել ՄՏՍ» ընկերությունը: Սակայն մենք հասկանում ենք, որ որոշակի ծրագրեր իրագործելու համար ավելի շատ միջոցներ են հարկավոր», - նշել է դիրիժորը:

Էդուարդ Թոփչյանն ընդգծել է, որ անցյալ տարվա նշանակալի իրադարձություններից էր այն, որ նվագախումբը կարողացել էր Դրեզդենից Վագներյան տուբաներ բերել, Հայաստանում դրանցից չկային: «Այդ գործիքներով մենք կատարեցինք Անտոն Բրուքների վեջին սիմֆոնիաները, որոնք Հայաստանում երբեք չեն կատարվել:  Շնորհիվ ունեցած կապերի` Վագներյան տուբաները Դրեզդեն քաղաքի նվագախումբը տրամադրել էր 5 ամսով: Այդ ժամանակահատվածում մեր  երաժիշտները մի փոքր վարժվել էին այդ գործիքներով, մենք երեք համերգ տվեցինք, եւ սեպտեմբերին գործիքները հետ վերադարձրինք», - ասել է դիրիժորը: Ըստ նրա` արդեն հունվարին նվագախումբը նոր գործիքներ է ակնկալում, որոնք պետք է ձեռք բերի պետությունը, այդ ցանկում կան նաեւ Վագներյան տուբաներ: