2013 թվականը ջավախահայերի համար սպասումների տարի էր` Վրաստանում կայացած խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով պայմանավորված:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: 

Ըստ նրա` Վրաստանում վերջին ընտրությունների արդյունքում իշխանության են եկել քաղաքական նոր ուժեր, որոնք դեռ իրենց նախընտրական ծրագրերում հնչեցրել էին ջավախահայերին հուզող հարցեր: «Չեմ կարող ասել, որ այդ նախընտրական խոստումները զգալի չափով կատարվել են, սակայն նախապայմաններ կան դրանք իրագործելու համար, հետեւաբար, 2013 թվականը կարելի է սպասումների տարի անվանել»:

Թորոսյանը նաեւ նշել է, որ հետընտրական  ժամանակհատվածում լուծվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես` ուժային կառույցների հետ կապված.  զգալիորեն նվազել է նրանց միջամտութունը ջավախահայերի հասարակական կյանքին:  «Դա շատ կարեւոր ձեռքբերում է: Հասարակության մեջ զգալիորեն նվազել է վախի մթնոլորտը, եւ դա նույնպես կարեւոր ձեռքբերում է», - եզրակացրել է նա: