Գերծանրքաշային կարգում WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն եւ Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն դարձել է WBC-ի պատվավոր չեմպիոն: Առաջնության չեմպիոնի գոտին այժմ թափուր է:

Բռնցքամարտիկը որոշել է  հրաժարվել պարապմունքներից եւ հեռանալ մեծ բռնցքամարտից` իր ամբողջ ուշադրությունը Ուկրաինայի քաղաքականությանը սեւեռելու նպատակով:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել WBC-ին եւ նրա նախագահ Խոսե Սուլեյմանին` Ուկրաինայում հանուն ազատության եւ ժողովրդավարության մեր պայքարին աջակցելու համար:

Ինձ համար մեծ պատիվ է կրել WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը: WBC-ի որոշումն ինձ տեսականորեն  հնարավորություն է թողնում ռինգ վերադառնալ, սակայն ես դա չեմ կարող նույնիսկ պատկերացնել ներկայիս պայմաններում: Ես ամբողջովին կենտրոնացած եմ Ուկրաինայում քաղաքական կարիերայի վրա, եւ զգում եմ, որ հենց այստեղ ես մարդկանց ավելի եմ պետք»,- ասել է չեմպիոնը:

WBC-ի Համաշխարհային բռնցքամարտի խորհրդում արդեն հայտարարել են, որ   Կլիչկոյին են շնորհում «Պատվավոր չեմպիոնի» տիտղոսը: Մեծ սպորտ վերադառնալու ցանկության դեպքում այդ տիտղոսը նրան հնարավորություն կտա անմիջապես պայքարել նոր չեմպիոնի հետ` շրջանցելով միջանկյալ մարտերը: