Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, իսկ փաստը, որ հայ-թուրքական արձանագրությունները դեռեւս ԱԺ-ի օրակարգում են, պարզապես անթույլատրելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը խորհրդարանում դեմ է մեր խղճին: Առաջին հերթին, իրերի նման դրության պատճառն այն է, որ Հայաստանի իշխանություններն, իրենց էությամբ, հայկական չեն: Միայն այդպես կարելի է բացատրել ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների սառեցված առկայությունը: Հայ-թուրքական արձանագրությունները Սերժ Սարգսյանի հերթական բլեֆն է»,-ասել է ընդդիմադիր գործիչը:
Փոստանջյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ որեւէ հարաբերություն ունենալ առանց նախապայմանների, այնինչ «Սերժ Սարգսյանի արկածախնդրության մարմնավորումը, արձանագրությունների տեսքով, դեռեւս խորհրդարանի օրակարգում են»:





























