Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ համագործակցության ներուժը հսկայական է, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ճապոնիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

Ըստ դիվանագետի՝ առավել խնդրահարույց հարցերից մեկը ներդրումներն են:

 «Բավական բարդ է Հայաստանի տնտեսությունում երկարաժամկետ հիմքով ներդրումներ կատարել ցանկացող ճապոնական ընկերություններ գտնելը: Դա բացատրություն ունի, եւ խնդրի լուծման ուղղությամբ վաղուց ենք աշխատում: Սովորաբար հայկական շուկայում աշխատելու ցանկության բացակայությունը բացատրվում է շուկայի սահմանափակվածությամբ, հաճախ էլ՝ պարզապես դրա առանձնահատկության եւ հնարավորությունների մասին անտեղյակությամբ:

Այդ ուղղությամբ աշխատում ենք, ձգտում ենք ցույց տալ, թե ինչ է Հայաստանը, բացատրել, որ մեր երիտասարդ հանրապետությունը զարգացնում է բարձրտեխնոլոգիական ուղղությունները, որոնց շուրջ համագործակցությունը ես առավել հեռանկարային եմ համարում», - ասել է Պողոսյանը:

Մյուս կողմից, հավելել է դեսպանը, ճապոնացիներն ունեն իրենց ուսումնասիրություններն ու հետաքրքրությունները:  «Իմ այցելած հինգ դեղագործական ընկերություններից երեքում խոստացան լուրջ ուսումնասիրել մեր շուկան: Մեկ ընկերություն այստեղ իր դեղերի  առաքման կետ է հիմնել, բայց ոչ արտադրություն:  Շուկան ուսումնասիրելով՝ նրանք հաճախ եզրակացնում են, որ ներդրումները շահավետ չեն լինի՝ համեմատած Հարավարեւելյան Ասիայի հետ:

Մենք մեր հերթին փորձում ենք բացատրել, որ Հայաստանը ոչ միայն իր շուկան է բացում, այլեւ ելք է  դեպի ԱՊՀ երկրներ, Իրան եւ Մերձավոր Արեւելք», - նշել է  դեսպանը:

Բայց դիվանագետը խոստովանել է, որ գործընթացն առայժմ դանդաղ է ընթանում, ինչին նպաստում է դեսպանատան բացակայության փաստը: «Մեծ հույս ունեմ, որ Երեւանում Ճապոնիայի դեսպանատունը շուտ կբացվի: Այս հարցով ճապոնական կողմի հետ արդեն երեք տարի զբաղվում ենք, եւ կարծում եմ շատ շուտով ճապոնական կողմը կկատարի խոստումը եւ այն կբացվի», - ամփոփել է Հրանտ Պողոսյանը: