Հայաստանում ընդդիմության համար իրավական տեսանկյունից բարենպաստ պայմաններ չկան, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ եթե հաշվի առնենք այն, թե որքան միջոցներ  է խորհրդարանը հատկացնում, օրինակ, խորհրդարանական ընդդիմությանը, ապա դա բավական չէ անգամ մեկ գրասենյակի կարիքները նորմալ հոգալու համար։ Գործնականում, իրական ընդդիմությունը ֆինանսական հնարավորություններ չունի եւ այս առումով ծանր վիճակում է։  «Այդ պատճառով այսօրվա դրությամբ մեկ անձի կուսակցություններ են ստեղծվել, քանի որ հիմնականում որոշակի անձինք կուսակցություն ստեղծելու հնարավորություն ունեն։ Սակայն կուսակցությունների՝ այս կամ այն գազափարական հիմքի վրա ստեղծված լինելու մասին խոսելն ավելորդ է», - ասել է Հակոբյանը։

Նա նաեւ հավելել է, որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ընդդիմությունը ենթարկվի օրենքներին, այնինչ իշխանությունները նույն օրենքով չեն խաղում, «օրենքից դուրս» են գտնվում. «Երկրի քաղաքական կյանքում գաղափարական քաղց է տիրում։ Եթե փորձենք հասկանալ՝ ով որ քաղաքական ճամբարում է եւ գաղափարական ինչ նկատառումներից ելնելով, ապա գլուխ հանելը շատ դժվար կլինի»։

Հակոբյանը նաեւ նշել է, որ վերջին ամիսներին խորհրդարանական ընդդիմությունը փորձում է համագործակցության եզրեր գտնել, քանի որ ակնհայտ է, որ առանձին վերցրած ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը  չեն կարողանա երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից. «Ընդդիմությունը պետք է հասկանա, որ գործող իշխանության դեմ պայքարի համար պետք է համախմբվել։ Սակայն դժվար է ասել, թե որքան կձգվի խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համախմբումը եւ այն, թե կպահպանվի արդյոք այն ամենասկզբունքային հարցերում»։

Պատգամավորի կարծիքով՝ մարտահրավերները, որոնք ծառացած են երկրի առաջ, վերջին 5-6 տարում չեն ծագել։ Օրինակ, ըստ նրա,  ընտրությունների արդյունքների կեղծումը սկսվել է 20 տարի առաջ եւ շարունակվել հաջորդող իշխանությունների  օրոք։

«Իշխանությունը պետք է գիտակցի, որ երկրում իրադրությունը վատթարանում է, եւ ինքը միայնակ ի վիճակի չէ դիմակայել դրան։ Իշխանությունը պետք է գիտակցի, որ ընդդիմության հետ պետք է կլոր սեղանի շուրջ նստել՝ առանց հետին մտքի, ամեն ինչ քննարկել եւ միասին ելք գտնել իրավիճակից։

Ընդ որում, խոսքը ընդդիմությանը պաշտոններ տալու մասին չէ, քանի որ այդ դեպքում ամեն ինչ կվերջանա։ Ընդդիմությանը հարկավոր է ստուգողական գործառույթներ տրամադրել, ինչի շնորհիվ իշխանություններին հակակշիռ կստեղծվի», - ամփոփել է Ռուբեն Հակոբյանը։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am