Մենք պատրաստ ենք աջակցել մեր բաժանորդներին՝ գազի կալորիականության վերահսկման հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Հրանտ Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ իրենց ընկերությունը հագեցած է բոլոր անհրաժետ սարքավորումներով, որով կարելի է չափել ստացվող գազի կալորիականությունը:

Նույնպիսի սարքավորումներ ունեն նաեւ խոշոր բաժանորդները՝ Երեւանի ՀԷՑ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, Արարատի ցեմենտի գործարանը: Նրանք ամեն օր հետեւում են գազի կալորիականությանը:

«Գազի կալորիականությունը վերահսկում ենք նաեւ մենք, այդ թվում մեր վրացի եւ ռուս գործընկերների հետ միասին»,-հավելել է Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ գազի կալորիականությունը չափող սարքերը դժվար թե տեխնիկապես հարմար լինի տեղադրել սովորական քաղաքային բնակարաններում: «Այդուհանդերձ, ցանկության դեպքում՝ սպառողները կարող են միավորվել եւ գազի կալորիականությունը չափող իրենց լաբորատորիաները ստեղծել: Մենք պատրաստ ենք նրանց հետ համատեղ գազի չափումներ կատարել մեր սարքերով»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ գազի ջերմատվության գործող չափանիշներով, գազաբաշխիչ ցանցում այն չպետք է ցածր լինի 7600 կկալ/խմ-ից:

Նշենք, որ շատ բնակիչներ բողոքում են գազի որակից, նշելով, որ այն առաջվա պես ջերմություն չի հաղորդում: