«Ամերիա» եւ «Կասկադ» բանկերի միավորումից հետո ստեղծվող բանկի ռազմավարությունը փոփոխություն չի կրի։ Այս մասին ապրիլի 10-ին կայացած ասուլիսում հայտարարեց «Ամերիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։ Ըստ նրա՝ միավորված «Ամերիա» բանկը կշարունակի գործել որպես կորպորատիվ բանկ, սակայն ավելի ընդլայնված ներդրումային ծրագրեր կիրականացնի։

Վարդանյանը նշեց նաեւ, որ «Կասկադ» բանկի գլխավոր բաժնետեր «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը միավորված բանկում որպես բաժնետեր է լինելու։ «Հուսով ենք, որ բանկը կաշխատի նաեւ արտասահմանյան հաճախորդների հետ»,- նկատեց Վարդանյանը։ Բաժնետերերը ծրագրում են բանկի մրցունակությունը բարձրացնել տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակի։

«Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի խորհրդի անդամ Սթիվ Սքելընը հայտնեց, որ ամերիկահայ գործարար, եւ «Կասկադ» բանկի հիմնական բաժնետեր Ջերարդ Գաֆեսճյանը վստահ է, որ երկու բանկերի միավորումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական շուկայի վրա։

Ասուլիսում ներկա ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եւս անդրադարձավ այդ հարցին՝ ընդգծելով, որ բանկերի միավորումը կնպաստի ֆինանսական շուկայում միջնորդության հնարավորությունների մեծացմանը։

Հիշեցնենք, որ երկու բանկերի միավորման մասին համաձայնագիր է ստորագրվել մարտին։ Բանկերի միավորման գործընթացը ամբողջապես նախատեսվում է ավարտել 2010 թվականի նոյեմբերին: