Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը եւ ԼՂՀ միջազգային ճանաչված չլինելը զրկում են Արցախի Հանրապետությանը հնարավորություններից, որոնք ունեն ճանաչված պետությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ով ներկայումս Հայաստանի հատուկ հանձնարարությունների դեսպանն է:

Նրա խոսքով՝ «հայկական ծագման» օտարերկրյա կապիտալը վաղուց է Արցախ եկել: «Ինչ վերաբերում է օտարերկրյա ոչ հայկական ներդրումներին, ապա դրանց ներգրավումը ԼՂՀ տնտեսության մեջ բարդանում է մեր իրավիճակի յուրահատկություններով պայմանավորված: Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը եւ ԼՂՀ միջազգային ճանաչված չլինելը զրկում են Արցախի Հանրապետությանը մի շարք հնարավորություններից, որոնք ունեն ճանաչված պետությունները»,-նշել է նախկին նախագահը:

Արկադի Ղուկասյանը այդ կապակցությամբ վստահություն է հայտնել, որ ելքը ներդրումային համապատասխան միջավայրի ձեւավորումն ու պահպանումն է, որը կարող է չեզոքացնել հնարավոր ռիսկերը եւ ԼՂՀ-ում բիզնես ծավալելը դարձնել գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: