Կենսաթոշակային ռեֆորմին խանգարում է  կայուն եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը:

Հանրապետությունում աշխատող քաղաքացիների թիվը կազմում է 1,2 մլն: Սակայն 437 հազարը ֆերմերներ են, ովքեր աշխատավարձ չեն ստանում: Հետեւաբար պարտադիր կուտակային համակարգին մասնակցել նրանք չեն կարող: Եւս 160 հազարն աշխատում է առեւտրի եւ սպասարկման ոլորտում: «Սակայն առեւտրում, ինչպես հայտնի է, քիչ չեն անկայուն, ստվերային զբաղվածությունը եւ նման ստվերային աշխատավարձերը»,- նշել է Մելքումյանը: 83 հազարն աշխատում է արդյունաբերության ոլորտում որը քիչ թե շատ կայուն է: Համեմատաբար ամենակայունը կարելի է համարել կրթության բնագավառի աշխատատեղերը: Սակայն չպետք է մոռանալ, որ պետական դպրոցներում հաստատված է ուսուցչի 25 հազար դրույք, բայց աշխատում են 39 հազարը: Հետեւաբար, կա մտահոգություն, որ կենսաթոշակային պորտֆելը կձեւավորվի ոչ պարբերաբար եւ դանդաղ տեմպերով:

«Այժմ եկամուտների մասին: 300 հազար մարդ ստանում է 120-130 հազար դրամ աշխատավարձ, այսինքն ֆոնդին է տրամադրելու 5-6 հազար դրամ: Դրանից ավել ստանալ չի հաջողվի»,- ասել է Մելքումյանը:

Բացի այդ, հավելել է նա, չի անցկացվել բավականաչափ խորը տնտեսական վերլուծություն գոնե մի քանի տարի հետոյի համար. չկա կենսաթոշակային ավանդների եկամտաբերության համեմատություն երկարաժամկետ բանկային դեպոզիտների հետ, չկա գոնե 5 տարի հետո դրամ-դոլար համահարաբերակցության կանխատեսում: