Եթե քննարկման ժամանակ կլինի բացասական կարծիք որեւէ ՀԷԿ-ի մասով, մենք ձևական եզրակացություն չենք տա։ Այս տարի մոտ 20-ից ավել բացասական եզրակացություն ենք տվել ՀԷԿ-ի շահագործմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմաննն ասաց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
Նա նշեց, որ ՀԷԿ-երի կառուցման տեսանկյունից համարում են, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրս է, եթե պահպանվում են բնապահպանական նորմերը, ավելի ճիշտ է օգտագործել այս հնարավորությունը։ Արամ Հարությունյանը շեշտեց, որ պետք է պահպանվի թույլտվությունների շրջանակը։ «Ցանկացած ՀԷԿ-ին ջրօգտագործման թույլտվություն տալուց առաջ պետք է փորձաքննութհուն անցնի, այս հաշվարկները պետք է իրականացվեն հատուկ մասնագիտացված կառուցյներում։ Եթե նորմատիվները պահպանվում են, կարծում եմ՝ ՀԷԿ-երի հետագա ճակատագիրը եւ շահագործումը մեզ բոլորիս համար նպաստավոր կլինի, խախտման դեպքերում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրին հասցված վասը, չի կարող լինել, որ չպահպանվեն չափանիշները եւ մենք թույլտվություն տանք; ՀԷԿ-երի դեպքում եթե էկոլոգիական թողքը ապահովում են, ոչ մի խնդիր չկա։ Մենք վերահսկողություն իրականացնում ենք իրենց ստանձնած պարտավորությունների մասով, շատ ՀԷԿ-եր կան, որ տվել ենք պարտադիր կատարման ցուցումներ»,- ասաց Բնապահպանության նախարարը։
Լրագրողներից մեկի հարցին, թե եթե ՀԷԿ-երը անմեղ կառույց են, ինչի են մեր գետերը ցամաքում, նախարարը կոչ արեց չլինել դատավոր եւ հիշեցրեց ՀԷԿ-երի՝ էներգիայի այլընտրանքային աղբյուր լինելու մասին։ «Ես չգիտեմ դուք ինչ եք ասում, մենք տարբեր լեզուներով ենք խոսում»,- ասաց Արամ Հարությունյանը։ Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու են ցամաքում գետերը, օրինակ՝ Դարանա գետը, նա նշեց, որ բացառված է, որ այն ցամաքի։ Միեւնույն ժամանակ, Արամ Հարությունյանը չի կարծում, թե իշխանի եւ սիգի վերարտադրության նվազման պատճառը ՀԷԿ-երն են, նրա կարծիքով պատճառը ձկնագողությունն է։




























