Չորեքշաբթի ամերիկյան ֆոնդային ինդեքսներով սակարկություններն ավարտվել են անկումով. շուկայի մասնակիցներն ուսումնասիրում էին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) սեպտեմբերյան նիստի արձանագրությունը։

Ըստ արձանագրության՝ ԴՊՀ ղեկավարությունը միաձայն կողմ է եղել սեպտեմբերյան նիստում հիմնական տոկոսադրույքի բարձրացմանը՝ գնաճային ճնշումը թուլացնելու նպատակով։ Փաստաթղթում միաժամանակ նշվում է, որ «նիստի մասնակիցների մեծամասնության կարծիքով՝ մինչև տարեվերջ հիմնական տոկոսադրույքի ևս մեկ բարձրացումը, ամենայն հավանականությամբ, տեղին կլինի»:

Սեպտեմբերի կեսերին կայացած նիստի արդյունքներով ԴՊՀ-ն դաշնային վարկային միջոցների (federal funds rate) տոկոսադրույքը բարձրացրել է 25 բազիսային կետով՝ հասցնելով տարեկան 3,75-4%-ի: Վերջին երեք տարվա ընթացքում սա տոկոսադրույքի առաջին բարձրացումն էր. մինչ այդ այն երեք անգամ նվազել էր 2024 թվականին և ևս երեք անգամ՝ 2025-ին։

Բացի այդ, շուկայի վրա ճնշում են գործադրել նավթի գների աճն ու պետական պարտատոմսերի եկամտաբերության բարձրացումը։

SpaceX-ի կապիտալիզացիան նվազել է 2,5%-ով այն լուրերի ֆոնին, թե Իլոն Մասկի ընկերությունը բանակցում է շուրջ 40 մլրդ դոլար ներգրավելու ուղղությամբ՝ Nvidia Corp-ից չիպեր գնելու նպատակով:

Տպավորիչ եռամսյակային հաշվետվության շնորհիվ Constellation Brands-ի շուկայական արժեքն աճել է 2,4%-ով: Ալկոհոլային խմիչքներ արտադրող ամերիկյան այս ընկերությունը 2027 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է 21,4%-ով, իսկ հասույթը՝ 6%-ով. ընդ որում, ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել են շուկայի սպասումները:

Երրորդ եռամսյակի կորպորատիվ հաշվետվությունների շրջանը հինգշաբթի կբացի PepsiCo Inc.-ը, իսկ հաջորդ շաբաթ իրենց ֆինանսական ցուցանիշները կհրապարակեն Ուոլ սթրիթի խոշորագույն բանկերը։ LSEG-ի հարցումներին մասնակցած վերլուծաբանները միջին հաշվով ակնկալում են, որ S&P 500 ինդեքսում ընդգրկված ընկերությունների շահույթը հուլիս-սեպտեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 30,6%-ով: Նշենք, որ երկրորդ եռամսյակում այս ցուցանիշն աճել էր 54%-ով:

Dow Jones Industrial Average ինդեքսը նվազել է 0,66%-ով և կազմել 51179,87 կետ։

Dow Jones-ում ընդգրկված ընկերությունների շրջանում անկման առաջատարը դարձել են Caterpillar-ի բաժնետոմսերը՝ էժանանալով 5,8%-ով։ Honeywell International-ի շուկայական արժեքը նվազել է 2,2%-ով, Sherwin-Williams-ինը՝ 1,9%-ով: Մինչդեռ Amgen-ի կապիտալիզացիան աճել է 2,6%-ով։

Standard & Poor's 500 ինդեքսի ցուցանիշը նվազել է 0,22%-ով՝ հասնելով 7801,77 կետի։

Nasdaq Composite-ը նույնպես կորցրել է 0,22% և աճուրդն ավարտել 27538,69 կետի մակարդակում։