Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հոկտեմբերի 12-ին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։
Օրակարգում առաջարկվել է ընդգրկել երկու հարց՝ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը (COP17), Կարտախենայի արձանագրության կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի համաժողովի 20-րդ հանդիպումը և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի համաժողովի 6-րդ հանդիպումը հյուրընկալելու մասին» Կառավարության և Կոնվենցիայի քարտուղարության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային և հիպոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Նշվում է, որ նախագծերի քննարկման շտապողականությունը պայմանավորված է COP17-ի միջոցառումների մոտալուտ մեկնարկով, ինչպես նաև նրանով, որ ֆինանսական համաձայնագրով նախատեսված վարկի ակտիվացման 180-օրյա ժամկետի վերջին օրը լրանում է հոկտեմբերի 27-ին։




























