Չորեքշաբթի Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկրների ֆոնդային ինդեքսներն անկում են ապրել, քանի որ նավթի գների և պետական պարտատոմսերի եկամտաբերության աճը նվազեցրել է ներդրողների՝ ռիսկի գնալու ցանկությունը։
Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համախառն ինդեքսը մեկ օրում նվազել է 1%-ով և կազմել 630,25 կետ։ Նշենք, որ մինչ այս այն աճում էր երեք առևտրային նստաշրջան անընդմեջ։
Բրիտանական FTSE 100-ը նվազել է 0,8%-ով, գերմանական DAX-ը՝ 1,4%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 1,2%-ով։ Իտալական FTSE MIB ինդեքսն անկում է գրանցել 2,5%-ով, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 1,7%-ով։
Վերլուծաբանները նկատում են, որ պետական արժեթղթերի շուկայում համաշխարհային զանգվածային վաճառքը չի դադարում. ներդրողները ստիպված են հաշվի առնել էներգակիրների բարձր գները, գնաճի շարունակական ճնշումն ու տոկոսադրույքների ապագայի վերաբերյալ անորոշությունը։
Ներդրողների ուշադրությունը կենտրոնանում է նաև երրորդ եռամսյակի կորպորատիվ հաշվետվությունների մոտեցող շրջանի վրա, որը կմեկնարկի այս ամսվա վերջին։ Ըստ LSEG-ի գնահատականների՝ Stoxx 600-ի ցանկում ընդգրկված ընկերությունների շահույթը հուլիս-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 19,4%-ով։ Եթե հաշվի չառնենք էներգետիկ ոլորտը, ապա սպասվում է ավելի համեստ աճ՝ 9,9%։
Տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը նահանջել են իրենց ռեկորդային առավելագույն ցուցանիշներից։ Մասնավորապես, չիպերի արտադրության սարքավորումներ թողարկող նիդերլանդական BE Semiconductor Industries-ի արժեթղթերի գինը չորեքշաբթի ընկել է 8,5%-ով այն բանից հետո, երբ UBS բանկը դրանց վերաբերյալ իր գնահատականն իջեցրեց մինչև «վաճառել» կարգավիճակի։
Էժանացել են նաև կիսահաղորդչային ոլորտի այլ ընկերությունների բաժնետոմսերը. Infineon Technologies-ինը նվազել է 5,8%-ով, ASM International-ինը՝ 5,2%-ով, ASML Holding-ինը՝ 1,6%-ով, իսկ STMicroelectronics-ինը՝ 4,1%-ով։
Stoxx 600-ի ցանկում ամենամեծ անկումը գրանցել են բրիտանական Pennon Group-ի բաժնետոմսերը. դրանց գինը գահավիժել է ավելի քան 20%-ով։ Ջրամատակարարմամբ զբաղվող այս ընկերությունը հայտարարել էր 550 միլիոն ֆունտ ստեռլինգի (729 միլիոն դոլար) լրացուցիչ արժեթղթեր տեղաբաշխելու և շահութաբաժինները կրճատելու մասին։
ABN Amro բանկի կապիտալիզացիան նվազել է 4,4%-ով, երբ Նիդերլանդների կառավարությունը հայտարարեց բանկում իր ունեցած մասնաբաժինը ներկայիս 20,7%-ից մինչև 10,5% կրճատելու մտադրության մասին։
Ֆրանկֆուրտի բորսայում գերմանական խոշորագույն Deutsche Bank և Commerzbank բանկերի բաժնետոմսերն էժանացել են համապատասխանաբար 4,9%-ով և 3,7%-ով։ Նրանց ֆրանսիական մրցակիցների՝ Societe Generale-ի և BNP Paribas-ի արժեթղթերի գինը նվազել է 5%-ով և 3,9%-ով։
Shell-ի արժեքը նվազել է 0,1%-ով, TotalEnergies-ինը՝ 0,4%-ով, Equinor-ինը՝ 1,6%-ով, մինչդեռ BP Plc-ինն աճել է 0,2%-ով։
Միևնույն ժամանակ, Bridgepoint Group-ի բաժնետոմսերի գինը թռիչքաձև աճել է 5,4%-ով՝ դառնալով եվրոպական համախառն ինդեքսի առաջատարը։ Բրիտանական այս ներդրումային ընկերությունը բարելավել է 2026 թվականի համար EBITDA-ի իր կանխատեսումն ու հայտնել, որ 2027-ից սկսած մտադիր է շահութաբաժինները վճարել եռամսյակը մեկ՝ դրանց տրամադրելով շահույթի 40-60%-ը։
Ալկոհոլային խմիչքներ արտադրող ֆրանսիական Pernod Ricard ընկերության շուկայական արժեքն աճել է 2,8%-ով։ Սրան մեծապես նպաստել է ամերիկյան մրցակից Constellation Brands-ի՝ եռամսյակային տպավորիչ հաշվետվությունը։
Թանկացել են նաև մի շարք ավտոարտադրողների արժեթղթերը. Renault-ինը՝ 3,7%-ով, Stellantis-ինը՝ 1,4%-ով, Porsche-ինը՝ 3,4%-ով, իսկ Volkswagen-ինը՝ 1,6%-ով։
Puma-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 3,8%-ով։ Սպորտային ապրանքներ արտադրող չինական Anta Sports Products-ը հայտարարել է գերմանական ընկերության բաժնետոմսերի 29,06%-ը գնելու գործարքի ավարտի մասին՝ դառնալով նրա ամենախոշոր բաժնետերը։





























