Հայաստանի ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստի որոշումը համապատասխանում է օրենքին ու հաշվի է առնվել Սահմանադրությունը եւ ԱԺ կանոնակարգը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստին:
Նրա խոսքով՝ ներկայումս ՍԴ դիմելու անհրաժեշտություն չկա: «Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը ու Տիգրան Սարգսյանը պետք է դիմեն ՍԴ: Կարծում եմ, որ այս խնդիրը այլեւս մեր օրակարգում չէ: Մեր խնդիրն այժմ հրապարակներում ներկա լինելն է»,-ընդգծել է ընդդիմադիրը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին խորհրդարանական չորս խմբակցություններ, որոնք կոալիցիայի մեջ չեն, Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ են անցկացրել, որի ժամանակ բացակայել են ՀՀԿ ու ՕԵԿ ներկայացուցիչները: Արտահերթ նիստի օրակարգում «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս արժետոմսերի վերաբերյալ համաձայնագրի քվեարկության արդյունքների իրական լինելն էր:
Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդգծել էր, որ Հաշվիչ հանձնաժողովի ծառայությունները հարկավոր են գաղտնի քվեարկության ժամանակ, իսկ հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման ժամանակ այն գաղտնի չէր:





























