Վոլգոգրադում երկաթուղային կայարանի շենքում Մոսկվայի ժամանակով ժամը 12:45-ին պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների՝ տասը մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել են: Կա տեղեկատվություն, որ պայթյունը տեղի է ունեցել մուտքի դռան եւ առաջին հարկի պտտադռնակի միջեւ:

Ականատեսները նշում են, որ պայթյունը տեղի է ունեցել մետաղական դետեկտորների մոտ: Այդտեղից սեւ ծուխ է բարձրանում: Պայթյունից կոտրվել են շենքի պատուհանները, շենքի առջեւ աղբի մեծ լեռ է գոյացել:

Արտակարգ դրության տեղում աշխատում են պայթուցիկների մասնագետներ, ՕՄՕՆ եւ կինոլոգներ շների հետ միասին: Ականատեսների խոսքով՝ կայարանի շենքին մեկը մյուսի հետեւից մոտենում են «շտապօգնության» ջոկատներ: Տուժածներին տեղափոխում են հիվանդանոց: Երկաթուղային կայարանի շենքից տեղահանում են մարդկանց, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Պայթյունի վայրում է արդեն ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի մարզի պետական վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կրավչենկոն: Նախնական տվյալների համաձայն՝ Վոլգոգրադի պայթյունը ահաբեկչություն է եղել: