2013թ. աշխատանքային պարտականությունները կատարելիս  աշխարհում զոհվել է առնվազն 70 լրագրող, որոնցից երկուսը` Ռուսաստանում: Նման տվյալներ է հրապարակել  «Լրագրողների պաշտպանության հանձնաժողով» միջազգային կազմակերպությունը, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում:  

Ըստ կազմակերպության տնօրենի տեղակալ Ռոբերտ Մահոնիի` լրագրողների համար իսկական ռազմադաշտ է եղել Մերձավոր Արեւելքը: Միայն Սիրիայում սպանվել էին  29 մարդ,  տասը մարդ` Իրաքում: Եգիպտոսում զոհված  վեց թղթակիցներից երեքը դարձել են օգոստոսին ցուցարարների եւ ոստիկանության բախումների զոհ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Այն երկրների թվում, որտեղ սպանվել են ոստիկանության ապօրինի գործողությունները, կաշառակերությունը եւ թմրանյութերի ապօրինի  վաճառքը լուսաբանող թղթակիցներ եւ մեկնաբաններ, նշվում է նաեւ Ռուսաստանը: Զեկույցում երկու ռուս լրագրող են նշված, որոնք զոհվել էին 2013թ.`  «Խիմկինսկայա պրավդայի» գլխավոր խմբագիր Միխայիլ Բեկետովը, որին ծեծել էին անհայտ անձինք, եւ որը վախճանվել էր մի քանի ամիս անց,  ինչպես նաեւ դաղստանյան «Նովոյե դելո» շաբաթաթերթի թղթակից Ահմեդնաբի Ահմեդնաբիեւը: