Արցախյան պատերազմի հաշմանդամ Զաուր Հասանովի ինքնահրկիզման փաստով քրեական գործ կհարուցվի: Turan-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել հայտնի ադրբեջանցի իրավաբան Ասլան Իսմայիլովը:
Ըստ նրա` շատ հիմքեր կան ենթադրելու, որ Հասանովին ինքնասպանության են դրդել: Հանգուցյալի երեխաները մամուլով հայտարարել էին, որ Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Սաթար Մեհբալիեւը բազմիցս վիրավորել եւ ստորացրել էր Հասանովին` իրենց ներկայությամբ: «Զաուր Հասանովին նաեւ ասում էին, որ նա չի հրկիզի իրեն, կամ էլ, եթե կարող է, թող հրկիզի», - ասել է իրավաբանը: Իսմայիլովը հավելել է, որ Հասանովն ավելի վաղ ի նշան բողոքի իր երակներն էր կտրել, հացադուլ անցկացրել: Ըստ Իսմայիլովի`դատախազությունն արդեն պետք է խորհրդարան դիմած լիներ` Մեհբալիեւին պատգամավորի անձեռմխելիությունից զրկելու եւ քննության ենթարկելու համար:
Հաշմանդամին ճարահատյալ քայլի է դրդել այն, որ նրանից խլել էին ծովափին` Բիբի Էյբաթում 1995թ.-ից իրեն պատկանող սրճարանը:





























