Հունաստանում Գերմանիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած արդյունքում կալանավորվել է վեց մարդ: Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ում Աթենքի նախագահության ստանձնման նախօրեին տեղի ունեցած կրակոցների փաստը: Հունաստանի արտգործնախարար, փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը Հունաստանում ԳԴՀ-ի դեսպան Վոլֆգանգ Դոլդի հետ հեռախոսով քննարկել է կատարվածը:

«Հունաստանի կառավարությունը դատապարտում է այսօրվա վախկոտ ահաբեկչությունը, որի միակ բացահայտ թիրախը արտասահմանում Հունաստանը վարկաբեկելն էր` ԵՄ-ում Աթենքի նախագահությունից մի քանի օր առաջ: Ոստիկանության օպերատիվ գործողությունների շնորհիվ  հանցագործները շուտով կկանգնեն դատարանի առաջ», - ընդգծել է Վենիզելոսը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հունական «Սքայ» հեռուստաալիքը հայտնել է, որ Գերմանիայի դեսպանի հետ հեռախոսազրույց են ունեցել նաեւ Հունաստանի վարչապետ Անտոնիոս Սամարասը եւ  հասարակական կարգուկանոնի եւ քաղաքացու պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը:

Ըստ լրատվամիջոցների` 20 կրակոց է արձակվել  Աթենքում դեսպանի նստավայրի երկաթյա դարպասների մոտ: Դեպքի վայրում ոստիկաններն, ամենայն հավանականությամբ, Կալաշնիկով ինքնաձիգի 7,62 մմ տրամագծի 60 փամփուշտ էին հայտնաբերել եւ դրանք փորձաքննության ուղարկել լաբորատորիա: