Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ԼՂ ոստիկանությանը բանավոր հաղորդում է տվել՝ նշելով, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 21.10-ին, իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել:

Այս առնչությամբ ԼՂՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչեւ 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 համարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ եւ ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/:

Տարվում է նախաքննություն»:

Նշենք, որ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը արցախյան ազատամարտի տարիներին եղել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը: Նրա գլխավորած Ասկերանի գունդը մասնակցել է Շուշիի եւ Լաչինի ազատագրմանը։