Ամանորի նախօրեին Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս՝ շնորհավորելու զինծառայողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, տոնական տրամադրություն ու ջերմություն պարգեւելու իրենց ընտանիքներից հեռու Ամանորը դիմավորող զինվորականներին:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե որպես ամանորյա բարեմաղթություն Դավիթ Սարգսյանը հայրենիքի պաշտպաններին խաղաղ տարի ու ծառայություն ցանկացավ, նաեւ՝ տոկունություն ու քաջություն: «Երկրի անվտանգությունն ու սահմանների ամրությունը ձեր ձեռքերում են, եւ մենք պարտավոր ենք անել առավելագույնը ձեր բնականոն ու անվտանգ ծառայությունն ապահովելու համար»,-դիմելով զինծառայողներին՝ ասաց նախարարը:
Ֆինանսների նախարարը շրջեց զորամասում, ծանոթացավ նրանց կեցության պայմաններին, զրուցեց զինվորների ու սպաների հետ: Վերջում նաեւ ճաշեց նրանց հետ ու ամանորյա նվերներ փոխանցեց:




























