Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների եւ բազմաթիվ երկրապահների հետ միասին ամանորի նախաշեմին, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը:

Քաղաքապետը ծաղիկներ է դրել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմին:

Այնուհետ Եռաբլուր այցելած ԵԿՄ վարչության նախագահի եւ այլ անդամների ու երկրապահների հետ միասին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում էլ մոմեր են վառել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար: