Դեկտեմբերի 31-ից մինչ այսօր` հունվարի 1-ը, Առողջապահության նախարարության «Թեժ գիծը» ընդամենը 4 զանգ է ստացել, որոնցից  միայն մեկն էր առչվում առողջապահական ոլորտին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարության «Թեժ գծից»:

Միակ զանգը, որը առնչվում էր առողջապահական ոլորտին, կապված էր Վայքում ծննդաբերության բարդ դեպքի հետ։ «Թեժ գիծ» ահազանգելուց հետո նախարարությունը կազմակերպել է կոնսուլտացիա գլխավոր մասնագետի հետ, բժիշկները խորհրդակցել են, եւ կինը նորմալ ծննդաբերել է, Երեւանից բժիշկների գնալու կարիքը չի եղել։

Նախարարությունից նաեւ հայտնեցին, որ դեկտեմբերի 29-ից մինչ օրս, ընդհանուր առմամբ, 29 զանգ են ստացել, որոնց մեծամասնությունը նախարարության գործառույթներից դուրս հարցեր էին։ Մասնավորապես, քաղաքացիները զանգում էին առողջապահության նախարարության գազի, էլեկտրաէներգիայի, թոշակների բաժանման հարցերով։ «Զանգում էին եւ ասում, որ  Դավիթաշենում, Հրազդանում գազ չկա, երբ կլինի, Ավանում լույս չկա, եղել են զանգեր, երբ հետաքրքրվել են, թե ծննդաբերությունից հետո ինչքան գումար պետք է ստանան եւ որտեղից, թոշակները երբ պետք է բաժանեն եւ այլն, շնորհակալություններ ենք ստացել ծննդատներից, զանգում եւ հարցնում էին, թե որ սնունդը որի հետ է համատեղելի, մենք էլ խորհուրդ էինք տալիս դիմել շտապօգնություն։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հանգիստ վիճակ էր, ծանր դեպքեր չեն եղել»,- հայտնեցին նախարարությունից։