Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 1-ը, «Շտապօգնությունը» Երեւանում սպասարկել է 770 կանչ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Նա նշեց, որ «Շտապօգնության» աշխատանքը շատ լարված է եղել, կանչերը, նախորդ տարվա համեմատ, ավելի քան 100-ով շատ է եղել։ 770 կանչերից 140-ի դեպքում հոսպիտալացրել են։
Թագուհի Ստեփանյանն ասաց, որ կանչերի մեծամասնությունը կապված էր սիրտ-անոթային հիվանդությունների հետ, հիմնական դիմողները եղել են խրոնիկ հիվանդները, որոնց մոտ Ամանորի գիշերը սրացումներ են նկատվել։ Ինչ վերաբերում է թունավորման դեպքերին, Թագուհի Ստեփանյանն ասաց, որ սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել, եղել է գազից թունավորման դեպք, որը, բարեբախատաբար, մահացու ելք չի ունեցել։





























