Չեխիայում Պաղեստինի դեսպան Ջամալ Մուհամադ ալ-Ջամալի մահվան պատճառը եղել է չհրկիզվող պահարանը, որը չէր բացվել շուրջ 20 տարի: Այն երկար ժամանակ գտնվել է դեսպանատան շենքում եւ շուրջ 20, գուցե նաեւ 25 տարի սեյֆը ոչ ոք չի բացել, հայտարարել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ-Մալիքին:

Ջամալ Մուհամադ Ջամալը դեսպանատան նոր շենք էր տեղափոխվել ընդամենը երկու օր առաջ եւ ցանկացել է իմանալ, թե ինչ է գտնվում չհրկիզվող պահարանում: Նա բացել է պահարանն ու խնդրել կնոջը թուղթ ու գրիչ բերել: Հենց որ կինը դուրս է եկել սենյակից, պայթյուն է որոտացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Չեխիայի ոստիկանության ղեկավար Մարտին Չերվիչեկը հայտարարել է, որ իրենց երկրում արգելված են չհրկիզվող պահարանները, որոնք սահմանված կարգով չբացելու դեպքում գործի է դրվում պայթեցման մեխանիզմը: Ոստիկանությունն անմիջապես բացառել է ահաբեկչության վարկածը:

Հիշեցնենք, որ դեսպանը ստացված վնասվածքներից մահացել է հունվարի 1-ին:

Չեխիան առաջին երկրներից էր, որն իր տարածքում Պաղեստինի ինքնավարության դիվանագիտական առաքելությանը տվեց «Պաղեստինի դեսպանատուն» կարգավիճակը:

Չեխիայում Պաղեստինի դեսպանը պայթյունի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է