Լիբանանում ձերբակալել են Իրանի դեսպանատան մոտ 2 պայթյուն կազմակերպելու մեջ կասկածվողը, նա «Աբդուլլահ Ազամի գումարտակներ» սուննի խմբավորման անդամ Մաջիդ ալ-Մաջիդն է:

Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայեզ Գոնի խոսքով՝ ներկայումս երկրի իրավապահ մարմինները հարցաքննում են ալ-Մաջիդին եւ նրա հանցակցին, որին եւս ձերբակալել են, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը: Չի հաղորդվում, թե երբ է տեղի ունեցեծ ձերբակալությունը:

Reuters-ը՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր անանուն աղբյուրները, հայտնում է, որ ալ-Մաջիդն ու նրա հանցակից ընկերը կարող էին կալանավորված լինել դեռեւս 2013-ի դեկտեմբերի կեսերին՝ Սիդոնում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Սիդոնում դեկտեմբերի 15-ին բանակի անցակետերի վրա կատարված երկու հարձակումների միջոցով փորձ էր արվել ազատ արձակել խմբավորման առաջնորդին:

«Աբդուլլահ Ազամի գումարտակներ» սուննի խմբավորումը հիմնադրվել է 2009-ին: Ենթադրվում է, որ խմբավորումը գտնվում է Լիբանանի տարածքում եւ առնչություններ ունի «Ալ Կաիդա»-ի հետ:

Հիշեցնենք, որ Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել էր 23 մարդ: