Apple ընկերության ղեկավարությունը տեղյակ չի եղել iPhone սմարթֆոնների սեփականատերերին հետեւելու ծրագրերի մասին: Ընկերությունը հերքել է տեղեկատվությունը, ըստ որի իրենք համագործակցել են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության հետ:

«Apple-ը երբեք չի աշխատել ԱԱԳ-ի հետ, որպեսզի գաղտնի հասանելիություն ապահովի որեւէ արտադրանքի նկատմամբ, ներառյալ iPhone-ը: Բացի այդ, մենք ոչինչ չգիտենք այդ ծրագրի մասին, որը, ենթադրաբար թույլ է տալիս ԱԱԳ-ին հետեւել մեր արտադրանքին»,-նշել են ընկերությունում, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Ընկերությունը խոստացել է հետաքննել իր սարքերին հետեւելու դեպքերը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու համար իր հաճախորդներին «անկախ նրանից, թե ով է այդ ամենի թիկունքում կանգնած»:

Ավելի վաղ գերմանական Der Spiegel-ը գրել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են կոտրել բոլոր տեսակի սմարթֆոնները եւ հետեւել դրանց սեփականատերերին: