Պրահայում Պաղեստինի դեսպանի նստավայրում զենք են հայտնաբերել: Տեղի ոստիկանության մամուլի քարտուղար Անդրեա Զոուլովան, պատասխանելով զենքի մասին Reuters գործակալության թղթակցի հարցին, հաստատել է այդ տեղեկությունը, սակայն չի հստակեցրել, թե ինչ զենքի մասին է խոսքը եւ որքան ծավալով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Չեխիայում Պաղեստինի դեսպանը, որի տանը հունվարի 1-ին պայթյուն է տեղի ունեցել, վախճանվել է: Այդ մասին հաղորդում են չեխական ոստիկանության ներկայացուցիչները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պայթյունը տեղի է ունեցել դեսպանի՝ մայրաքաղաքի էլիտար Պրահա-6 թաղամասի Ինտերնացիոնալ փողոցի վրա գտնվող տանը, որտեղ են գտնվում այլ պետությունների բազմաթիվ դեսպանություններ ու ներկայացուցչություններ: Պայթյունի պահին տանն են գտնվել դեսպանն ու նրա ընտանիքի անդամները
Ջամալ Մուհամադ Ջամալը դեսպանատան նոր շենք էր տեղափոխվել ընդամենը երկու օր առաջ եւ ցանկացել է իմանալ, թե ինչ է գտնվում չհրկիզվող պահարանում: Նա բացել է պահարանն ու խնդրել կնոջը թուղթ ու գրիչ բերել: Հենց որ կինը դուրս է եկել սենյակից, պայթյուն է որոտացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Չեխիայի ոստիկանության ղեկավար Մարտին Չերվիչեկը հայտարարել է, որ իրենց երկրում արգելված են չհրկիզվող պահարանները, որոնք սահմանված կարգով չբացելու դեպքում գործի է դրվում պայթեցման մեխանիզմը: Ոստիկանությունն անմիջապես բացառել է ահաբեկչության վարկածը:





























