Ադրբեջանի հասարակությունը պահանջում է պատժել ղարաբաղյան պատերազմի մասնակից հաշմանդամ Զաուր Հասանովի մահվան մեջ մեղավոր պաշտոնյային: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում ստորագրահավաք է սկսվել, որի մասնակիցները նամակով դիմում են երկրի նախագահ Իլհամ Ալիեւին՝ խնդրելով քրեական գործ հարուցել Զաուր Հասանովի ինքնասպանության փաստի առթիվ:

«Անօրինական գործողությունները, ծառայողական լիազորությունների գերազանցումը, անգործությունը, ահա հիմնական պատճառները, որոնք Զաուր Հասանովին դրդել են նման հուսահատ քայլի: Չնայած այդ ամենին, նրա ինքնասպանության փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել, իսկ դա նշանակում է, որ պաշտոնատար անձինք, որոնք դրդել են նրան քնալ այդ քայլին, կխուսափեն պատժից: Խնդրում ենք Ձեզ հանձնարարել գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը)»,-ասված է երկրի նախագահին ուղղված դիմումում:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմի մասնակից հաշմանդամ Զաուր Հասանովն ինքնահրկիզման ակտ է իրականացրել Ադրբեջանի արհմիությունների համադաշնության շենքի մոտ: Նման հուսահատ քայլի դիմելուն նրան դրդել է Ադրբեջանի արհմիությունների համադաշնության ղեկավար Սաթար Մեհմալիեւի վարքը, որը Հասանովից խլել է նրա հողատարածքը, որտեղ վերջինս փոքրիկ թեյարան էր կառուցել:
Վետերանի բազմաթիվ բողոքները անտեսվել են եւ 5 երեխաների հայրը որոշել է գնալ նման քայլի: Զաուր Հասանովը մահացել է թիվ 5 հիվանդանոցում: