Կանադայի խոշորագույն քաղաքի՝ Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, ով մեղադրվում է թմրանյութեր օգտագործելու մեջ, իր թեկնածությունն առաջադրել է նոր ժամկետի համար: Հինգշաբթի նա առաջինն է բոլոր հավակնորդներից ներկայացրել իր փաստաթղթերը: Ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին:

«Ես լավագույն քաղաքապետն եմ, որ երբեւէ եղել է այս քաղաքում»,- լրագրողներին ասել է Ֆորդը. «Եթե դուք ցանկանում եք քչփորել իմ կեղտոտ սպիտակեղենը, բարի գալուստ: Իմ օգտին խոսելու են այն լավ գործերը, որ ես արել եմ քաղաքի համար: Ես այնպիսի քայլեր կանե, որ քաղաքը երբեւէ չի տեսել»:

44-ամյա Ֆորդը քաղաքապետ էր ընտրվել 2010թ.: Նա խոստացել էր պայքարել կոռոպւցիայի եւ հանցավորության, այդ թվում՝ թմրանյութերի դեմ, կրճատել պաշտոնյաների ծախսերը, չբարձրացնել քաղաքային հարկերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքապետի շուրջ սկանդալ էր ծագել մայիսին, երբ լրատվամիջոցները հայտնել էին, թե Ֆորդը մի երկույթի ժամանակ կրեկ է օգտագործել: Ֆորդը սկզբում հերքել էր, հետո ստիպված էր եղել խոստովանել: