Մադագասկարի ֆինանսների նախկին նախարար Էրի Ռաջանարիմամպիանինան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովը:

Մադագասկարում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը սկսվել էր դեկտեմբերի 20-ին: Եվրամիության դիտորդներն ավելի վաղ հայտնել էին, թե ընտրություններն ազատ եւ արդար են անցել:

Առաջին փուլում 21,16 տոկոսով հաղթել էր առողջապահության նախկին նախարար, 61-ամյա Ռիշար Ժան-Լուի Ռոբինսոնը, Ռաջանարիմամպիանինան ստացել էր ձայների 15,85 տոկոսը: Ռոբինսոնին պաշտպանում էր 2009թ. տապալված նախագահ Մարկ Ռավալոմանանան, իսկ Ռաջանարիմամպիանինային՝ գործող նախագահ Էնդրյու Ռաջոելինը:

Ռոբինսոնի հակառակորդները նրան մեղադրում են ալկոհոլի չարաշահման մեջ: Նրան քննադատում էին նաեւ ֆրանսիական քաղաքացիություն ունենալու, Ֆրանսիայում մասոնական օթյակի անդամ լինելու մեջ: Ռաջանարիմամպիանինային էլ մեղադրում են թանկարժեք քարերի եւ թանկարժեք փայտատեսակների ապօրինի արտահանման մեջ: