ՉԺՀ կառավարությունն արգելել է Չինաստանի Կոմկուսի անդամներին արտագնա միջոցառումներ կազմակերպել՝ բարձր որակավորման դասընթացների անվան տակ: Այս մասին նշվել է Չինաստանի ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում, որը հրապարակվել է այսօր՝ հունվարի 3-ին:

«Պաշտոնատար անձինք պետք է հստակ հաշվետու լինեն ծախսված միջոցների մասին եւ ձեռնպահ մնան զվարճանքների ու ճանապարհորդությունների վրա գումար ծախսելուց: Հյուրանոց ընտրելիս անհրաժեշտ է ձեռնպահ մնալ լյուքս համարներ պատվիրելուց»,-ասված է փաստաթղթում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վերլուծաբանները ենթադրում են, որ ՉԺՀ ֆինանսների նախարարության այս նոր նախաձեռնությունը երկրում կոռուպցիայի դեմ լայնամասշտաբ արշավի մի մասն է:

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, ով նաեւ Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղարն է, հռչակել է «կառավարման նոր ոճի» մասին եւ պահանջել չինացի պաշտոնյաներից «խուսափել շքեղություններից, զսպվածություն եւ աշխատասիրություն դրսեւորել», երկրում սոցիալական ներդաշնակություն հաստատելու համար: