Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին սպանության փորձ կատարելու դեպքի մասին հաղորդման կապակցությամբ, ԼՂՀ գլխավոր դատախազությունից լրացուցիչ տեղեկացնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ  մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը:

Նրանց պատկանող շինություններում եւ բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք: Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն եւ Ա.Ա.-ն:

Նախաքննության գաղտնիությունից ելնելով` նրանց տվյալները չեն  հրապարակվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ԼՂ ոստիկանությանը բանավոր հաղորդում է տվել՝ նշելով, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 21.10-ին, իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել:

ԼՂՀ ոստիկանությունից հայտնել էին, որ ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչեւ 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 համարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ եւ ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/:

Նշենք, որ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը արցախյան ազատամարտի տարիներին եղել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը: Նրա գլխավորած Ասկերանի գունդը մասնակցել է Շուշիի եւ Լաչինի ազատագրմանը։