Իրաքի Անբար նահանգում ոստիկանների եւ սունիների բախման զոհ է դարձել հարյուրից ավելի մարդ, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Զինված հակամարտության կենտրոն են դարձել Ֆալուջի եւ Ռամադի քաղաքները: Տեղի իշխանությունները հայտնում են, որ բախումների հետեւանքով զոհվել են 30 խաղաղ բնակիչներ եւ «Իրաք իսլամական պետություն» խմբավորման յոթ տասնյակ գրոհայիններ: Ոստիկանների շրջանում զոհերի մասին տեղեկություն չկա:

Հինգշաբթի օրը Անբար նահանգում ապստամբություն բարձրացրած սունիները, «Ալ Քաիդայի» հետ կապված իսլամիստների օգնությամբ, վերահսկողություն են հաստատել Ֆալուջի եւ Ռամադի քաղաքների մեծ մասում: Արեւմտյան գործակալությունները հայտնում են, որ խռովարարներից քաղաքների թաղամասերը մաքրել փորձող բանակը լուրջ դիմադրության է հանդիպել:

Ավելի ուշ Անբար նահանգում Իրաքի բանակի հատուկ գործողությունների հրամանատարությունը հայտնել էր, որ անվտանգության ուժերը գնդակոծել էին ահաբեկիչներին եւ  ջախջախիչ հարված հասցրել նրանց: Իրաքյան ուժերը եւ համայնքների ջոկատները հաջող դիմակայում են Անբար նահանգ ահաբեկիչների` վարձկաններ տեղափոխելու փորձերին:  Ոստիկանությունը համայնքների օգնությամբ լիովին իր վերահսկողությունն է հաստատել Ռամադի քաղաքում եւ դրա շրջակայքում, հաղորդում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը` վկայակոչելով Իրաքի լրատվամիջոցները: