Ավտոպատահարից զոհված ամերիկացի Փոլ Ուոլքերի եւ վթարի պահին մեքենայի ղեկին գտնվող նրա ընկերոջ արյան մեջ ալկոհոլի կամ թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել: Այսպիսին են պաթոլոգանատոմիական փորձաքննության արդյունքները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կալիֆորնիայում նախորդ տարվա նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ավտոպատահարի գործով քննությունը պարզել է նաեւ, որ նրանց «Պորշե» մակնիշի ավտոմեքենան ընթացել է «ոչ անվտանգ արագությամբ»: Հրապարակված զեկույցի համաձայն` արագությունը հասել է գրեթե 160 կմ/ժ-ի:

Պարզվել է, որ Ուոլքերն ու վարորդը զոհվել են դժբախտ պատահարի արդյունքում, սակայն միջադեպի հետաքննությունն ավարտված չէ:
Փոլ Ուոլքերը, որն առավել հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմաշարից, 40 տարեկան էր:

Նախորդ դիահերձումը պարզել էր, որ Ուոլքերը վախճանվել է ավտոմեքենայի հարվածից եւ հաջորդած հրդեհից ստացված վնասվածքներից
Դերասանն ու նրա ընկեր Ռոջեր Ռոդասը վախճանվել էին վթարից մի քանի վայրկյան անց: