ԱՄՆ նախկին կոնգրեսական Ռոսքո Բարթլեթը տեղափոխվել է ապրելու Արեւմտյան Վիրջինիայի լեռնային անտառներում: Այդկերպ նա հույս ունի փրկվել հնարավոր բնական աղետներից կամ միջուկային ապոկալիպսիսից, հաղորդում է Politico վաշինքթոնյան պարբերականը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», հանրապետական 87-ամյա Բարթլեթը երկու տասնամյակ համարվում էր Կոնգրեսի ամենապահպանողական անդամներից մեկը, որն ունի ազատական գաղափարներ եւ հանդես էր գալիս դաշնային կառավարության լիազորությունների կրճատման օգտին:

Նա հայտնի է նաեւ ԱՄՆ էլեկտրացանցի վտանգների մասին հրապարակային հայտարարություններով: Նրա խոսքով՝ էլեկտրամատակարարման ողջ համակարգը կարող են շարքից հանել բնական աղետները, արեւային փոթորիկները, ահաբեկիչները կամ ռուս զինվորակնները:

Ներկայումս նախկին կոնգրեսականն ապրում է 60 հեկտար տարածք զբաղեցնող սեփական հողատարածքում, որտեղ 5 հատ փայտե տուն է կառուցել եւ 6-րդ է կառուցում: Բարթլեթը համարում է, որ դա թույլ կտա աղետների ժամանակ այդ տներում տեղավորել իր բոլոր 10 զավակներին՝ ընտանիքներով: