Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխահրամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը եւ դա իր Պերու այցելության հիմնական նպատակն է։ Այս մասին, հունվարի 6-ին, Պերուիի ԱԳ նախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հետ հանդիպման ժամանակ նշել է պաշտոնական այցով Պերուում գտնվող Հայաստանի արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանց հանդիպումն սկսվել է առանձնազրույցի ձեւաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցութամբ։
Պերուի արտգործնախարարը ողջունել է 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա եւ ընդգծել, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու եւ բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:
Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռիվասը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապակենտրոնացված փոխգործակցության խթանման, կրթության, մշակույթի եւ տուրիզմի բնագավառներում համագործակցության հաստատման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերի շուրջ:
Հայաստանի եւ Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել Երեւանում եւ Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորման, ԱԳՆ-երի միջեւ խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման եւ առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքումում դրանց ստորագրման վերաբերյալ:
Նախարար Ռիվասը իր հայաստանյան գործընկերոջը ներկայացրել է երկրի զարգացման ուղղությամբ Պերուի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը եւ առաջնահերթությունները, ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:
Հանդիպումից հետո Էդա Ռիվասը՝ պաշտոնական ճաշ է տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին, որին մասնակցում էին նաեւ Պերուի արտաքին առեւտրի եւ տուրիզմի նախարար Մագալի Սիլվան, Պերուի խորհրդարանի եւ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ։




























