Բեռլինի ոստիկանությունը 140կգ կոկաին է հայտնաբերել Aldi առեւտրային ցանցի խանութներում, գրում է Berliner Zeitung թերթը՝ վկայակոչելով ոստիկանությունում առկա աղբյուրին: Իրավապահ մարմինները հունվարի 7-ին հաստատել են գերմանական RBB հեռուստառաիդոընկերության այդ տեղեկությունը:

Ոստիկանների խոսքով՝ առգրավված թմրանյութի մեծ մասը հայտնաբերվել է Քյոփենիք շրջանի երկու սուպերմարկետներում: Այնտեղ բանանների արկղերում 100 կգ կոկաինի փաթեթներ են հայտնաբերել: Մյուս մասն առգրավել են Aldi-ի՝ Բեռլինի արեւմուտքումմ գտնվող մի քանի խանութներից, ինչպես նաեւ դրանց սահմանակից Բրանդենբուրգի դաշնային հողերից, հաղորդում է Lenta.ru-ն:

Հայտնաբերված թմրանյութը գնահատվում է մոտ 5 մլն եվրո: Նախնական տվյալների համաձայն՝ այն անօրինական կերպով ներկրել են Գերմանիա Հարավային Ամերիկայից: Թմրանյութը հայտնաբերել են խանութների աշխատակիցները, երբ բացել են մրգերի արկղերը: Ոստիկանությունում չեն բացառում, որ տեղափոխության ժամանակ շփոթմունք է տեղի ունեցել, եւ թմրանյութը սխալմամբ ուղարկել են բեռլինյան սուպերմարկետներ: