Պետք չէ էական արդյունքներ սպասել Քալիֆորնիայի Վեհաժողովում Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ բանաձեւի ներկայացումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե իչի դա կհանգեցնի, քանի որ նման «հայտերը» շատ են եղել, սակայն բոլորն էլ անարդյունք են եղել: «Ես մի փոքր կասկածամտությամբ եմ վերաբերում բանաձեւի այդ նախագծին ու ինչ-որ էական առաջընթաց չեմ ակնկալում, քանի որ ամեն ինչ պայմանավորված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններով: Անցյալում տեղի են ունեցել փորձեր ու շատ ավելի բարձր մակարդակում, այդ հարցը դրված է եղել Կոնգրեսում, սակայն որեւէ արդյունք առայժմ չկա»,-ընդգծել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Մայք Գատտոն բանաձեւի նախագիծ է ներկայացրել՝ կապված Ղարաբաղը ինքնիշխան պետություն ճանաչելու հետ: Նա նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախաձեռնողներից է:





























