Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 9-ին, ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լեւոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լեւոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը:
Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լեւոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի եւ արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:
Իմ ցավակցությունն եմ հայտնում Լեւոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ինչպես նաեւ նրա ստեղծած գրական երկերի բազմահազար ընթերցողներին»:





























