Հունվարի 8-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորած հանձնաժողովն այցելել է Գյումրի-Վանաձոր-Այրում երկաթուղային հատվածը:
Ընկերության ղեկավարն այցելել է 2013 թվականի մայիսին հիմնանորոգումից հետո բացված Գյումրիի վագոնային դեպոն եւ հանձնարարել կատարելագործել վագոնների վերանորոգման տեխնոլոգիաները:
Երկաթուղային հատվածի զննման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել 2013 թ. դեկտեմբերին պրոֆիլակտիկ վերանորոգում անցած հատվածներին, ինչպես նաեւ Ջաջուռի թունելին: Հանձնաժողովը գնահատեց թունելի ջրահեռացման համակարգի աշխատանքի արդյունավետությունը՝ նշելով նման բարդ օբյեկտի շահագործման համար առկա ռիսկերը:
ՀԿԵ-ն հատուկ ուշադրություն է դարձնում Ջաջուռի թունելի շահագործման անվտանգությանը: Մասնավորապես, անցած տարի կատարվել է հատուկ հետազոտություն եւ ջրահեռացման համակարգի վերանորոգման, սողանքային ռիսկերի նվազեցման աշխատանքների որոշ մասը:




























