Հայաստանի Կենտրոնական զինվորական հավաքակայանին կից բժշկական հանձնաժողովն ամեն օր հետազոտում եւ պատվաստում է մոտ երկու հարյուր նորակոչիկների: Այդ մասին հայտնել է Կենտրոնական զինվորական հավաքակայանին կից բժշկական հանձնաժողովի նախագահ, գնդապետ Գայանե Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ ներկայումս հանրապետությունում զորակոչ է ընթանում:
Բուժհանձնաժողովի ղեկավարի խոսքով, մոտ երկու հարյուր նորակոչիկներից միայն մեկ-երկու դեպքերում է լինում, որ երիտասարդներին չի կարելի պատվաստում անել: Եզակի են դեպքերը, երբ տվյալ ամփոփիչ փուլում առողջական խնդիրներ են հայտնաբերվում: Այդ դեպքում նորակոչիկն ուղարկվում է լրացուցիչ հետազոտման, որի արդյունքում կարող է հետաձգվել ծառայությունը:
Նորակոչիկները պատվաստում են ստանում 9 վարակիչ հիվանդությունների դեմ, այդ թվում՝ քոսի, կարմրուկի, խոզուկի, դիֆթերիայի, թոքերի բորբոքման, մենինգիտի, հեպատիտ Ա-ի դեմ: «Ես երկար տարիներ եմ աշխատում, եւ կարող եմ պնդել, որ վերջին տարիներին բարելավել է խախտումների հայտնաբերման գործընթացը»,- նշել է Գայանե Ղուկասյանը:
Նա նշել է, որ հանրապետությունում գրեթե ամբողջությամբ վերացվել է մալարիայի խնդիրը:





























