Ֆրանսիական  Closer ամսագիրը  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է քաղաքացիական կնոջը դավաճանելու մեջ: Հունվարի 10-ի տպագիր համարում խմբագրությունը խոստանում է պետության ղեկավարի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի կապն ապացուցող լուսանկարներ հրապարակել:

Խմբագրության տվյալով՝ նախագահը պարբերաբար սկուտերով գնում է այն շենք, որտեղ գտնվում է սիրուհու բնակարանը: Նա հաճախ գիշերում է այնտեղ: Ընդ որում՝ այդ այցերի ժամանակ նախագահին ընդամենը մեկ թիկնապահ է ուղեկցում, ինչը վտանգում է նախագահի կյանքը, փոխանցում է Lenta.ru-ն:

Ֆրանսուա Օլանդն իր հերթին Agence France-Presse-ին ասել է, որ դատի է տալու Closer ամսագրին, որի նման հրապարակումները անձնական կյանքին միջամտություն է համարում:

41-ամյա Ժյուլի Գայեն ֆրանսիացի հայտնի դերասանուհի է, նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմերում: Ֆրանսիայի առաջին տիկինը պաշտոնապես համարվում է 49-ամյա լրագրողուհի Վալերի Թրիերվեյլերը: Օլանդի հետ նրա հարաբերությունները սկսվել էին նախագահ ընտրվելուց մի  քանի տարի առաջ: Մինչ այդ քաղաքական գործիչը շուրջ 25 տարի քաղաքացիական ամուսնության մեջ էր Սեգոլեն Ռուայալի հետ, որը նրան չորս զավակ է պարգեւել: