Լորանս Պիոն՝ ֆրանսիական Closer ամսագրի խմբագիրը, որը ուրբաթ օրը նյութ էր հրապարակել Ֆրանսիայի նախագահի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի միջեւ սիրային կապի մասին, կոչ է արել չդրամատիկացնել այդ պատմությունը:
«Նա նորմալ նախագահ է, նորմալ մարդ է, որը պաշտամունքի առարկա ունի: Պետք չէ դրամայի վերածել այդ լուսանկարների պատմությունը», - Europe 1 ռադիոկայանի եթերում ասել է Պիոն:
«Նախագահի գաղտնի սերը» խորագրով հոդվածի շնորհիվ ամսագիրը կրպակներից գնել են, ինչպես տաք կարկանդակները, արդեն առավոտյան այն հնարավոր չէր գտնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք տեսնում ենք նախագահին, որը թիկնապահի հետ բնակելի շենք է մտնում: Եւ Ժյուլի Գայեին, որը նույնպես մտնում է ներս: Հաջորդ օրը երկուսն էլ հերթով դուրս են գալիս շենքից», — պատմել է Պիոն:
Լուսանկարիչները նաեւ նկարել են թիկնապահին, որն առավոտյան կրուասանների փաթեթ է բերում շենք: Հարկ է նշել, որ նախագահի դեմքը չի երեւում. Նկարում տեսանելի է միայն թանկարժեք վերարկուով եւ մոտոցիկլավարի սաղավարտով տղամարդ, որին բերում եւ տանում են սկուտերով: Օլանդի ինքնությունը պապարացիները ճշտել են կոշիկների միջոցով, որոնք նրա հագին եղել են նաեւ նախագահական պաշտոնական լուսանկարներում, ինչպես նաեւ թիկնապահի, որը դեմքը չէր թաքցրել:
Closer-ի գլխավոր խմբագիրը ժխտական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք հրապարակումը համաձայնեցված է եղել նախագահի աշխատակազմի հետ: «Ոչ, ոչ, իհարկե, ոչ: Մենք լուսանկարները հրապարակելուց որեւէ մեկի հետ կապվելու սովորություն չունենք», — ասել է նա:
Օլանդի ներկայացուցիչներն ուրբաթ հայտարարել էին, որ նախագահը բարկացած է իր անձնական կյանքին միջամտելու կապակցությամբ եւ չի բացառում Closer-ի դեմ դատական հայց ներկայացնելը:





























