Թուրքիայի հարավային Ադանա նահանգում դեպի Սիրիայի սահման ուղեւորվող 2 ուղեւորատար ավտոբուսում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հունվարի 10-ին, Ադանա նահագնում ոստիկանությունը կանգնեցրել է Հաթայի (Սիրիայի ուղղությամբ-խմբ) ուղղությամբ շարժվող 2 ավտոբուս եւ խուզարկության ժամանակ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել։
Կալանված ավտոբուսները տեղափոխվել են Ադանայի ոստիկանության հատուկ նշանակության վարչության տարածք եւ սակրավորների մասնակցությամբ մանրամասն զննության են անցնում։
Նշենք, որ 2013-ի նոյեմբերի 7-ին Ադանայում բեռնատար TIR մեքենայում մեծ քանակությամբ հրետանու մարտագլխիկներ էին հայտնաբերվել, որոնք տեղափոխվելու էին Սիրիա։ Այս տարվա հունվարի 1-ին եւս ժանդարմերիան Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար էր կանգնեցրել, սակայն Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության աշխատակիցները թույլ չէին տվել խուզարկել այն։ Իսկ սրանից օրեր անց Էրդողանի կուսակիցներից մեկը հաստատեց, որ մարդասիրական օգնության տակ Սիրիա զենք տեղափոխելը Թուրքիայի շահերից է։





























