Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած «մեծ կաշառք» գործողության հետեւանքով հայտնի դարձած ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի (Ռըզա Սարրաֆ) հետ կապված հեռախոսային նոր ձայնագրություններ են հայտնվել ինտերնետում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «մեծ կաշառք» գործողության արդյունքում ձերբակալված Ռեզա Զարրաբը, ով մեղադրվում է 100 մլն դոլարից ավել կաշառքներ տալու եւ անօրինական գործունեությամբ զբաղվելու մեջ, նաեւ ցանկացել է Դուբայում բանկ հիմնել։ Զարրաբը բանկի հիմնման աշխատանքները արագացնելու համար Ստամբուլ է հրավիրել Դուբայի ոստիկանապետերին եւ նրանց որպես նվեր տրամադրել մարմնավաճառների։
Պարզվել է, որ մարմնավաճառների հետ պայմանավորվածությունները, նրանց քանակի մասին հեռախոսազրույցները գաղտնալսվել են ոստիկանության կողմից։ Հեռախոսային խոսակցություններից մեկում Օզչիլ անունով մեկը Ռեզա Զարրաբին ասում է, թե աղջիկներից մեկին, ով ասել է, թե ամուսնացած է, ինքն առաջարկել է 1500 դոլար, ինչին ի պատասխան Ռեզան ասում է, թե 2000 դոլար տուր, թող երջանիկ լինի։
Զրույցներում նաեւ հայտնի է դարձել, որ Դուբայի ոստիկանապետերը հյուրանոցի բարում պետք է ընտրեին արդեն ժամանած մարմնավաճառներին։
Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռեզա Զարրաբը մեղադրվում է խոշոր չափի մաքսանենգությունների եւ խոշոր չափերի կաշառքներ տալու մեջ։ Նշվում է, թե միայն գումարների փոխանցման համար մի քաղաքական գործչի վճարել է 103 մլն լիրա կաշառք, իսկ բանկի գլխավոր կառավարչին՝ 16 մլն։
Ռեզա Զարրաբը ձերբակալվել է դեկտեմբերի 17-ին եւ այս պահին գտնվում է կալանքի տակ։





























