Արիել Շարոնի դագաղը տեղափոխել են քնեսեթ(Իսրայելի խորհրդարան), որտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողություն: Ցանկացողները տեղական ժամանակով 12:00-18:00 կարող են հարգանքի տուրք մատուցել իսրայելական կառավարության 11-րդ ղեկավարին, ով մահացել է շաբաթ օրը Թել-Ավիվում գտնվող «Թել ա-Շոմեր» հիվանդանոցում:
Սպասվում է, որ Շարոնին հրաժեշտ տալու համար հազարավոր իսրայելցիներ կգան: Իսրայելական ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հրաժեշտի արարողության ժամանակ անվտանգություւն ու կարգուկանոնը կպահպանեն հարյուրավոր ոստիկաններ ու կամավորներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Երկուշաբթի տեղական ժամանակով 09:30-ին քնեսեթում կսկսվի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Ներկա կլինեն Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայության տվյալներով՝ արարողությանը կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը:Այնուհետեւ թաղման թափորը Երուսաղեմից կուղեւորվի Նեգեւի անապատ, որտեղ ընտանեկան «Շիքմիմ» ֆերմայում Շարոնին կհուղարկավորեն կնոջ՝ Լիլիի կողքին, ով վախճանվել էր 2000թ.-ին: Շարոնին հողին կհանձնեն պետական զինվորական արարողակարգին համաձայն, այլ ոչ թե կրոնական ծեսով:





























