Այս կառավարությունը ձախողել է երկրի ղեկավարումը, հետեւաբար՝ շատ հարցերում՝ ընդունելի է՝ ինչ-որ ասում է երկրորդ նախագահը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանը:

«Այս կառավարությունը ձախողակ է եւ փորձում է ամեն անգամ եւ ամեն տարի ինչ-ինչ պատճառաբանություններով արդարանալ: Ռոբերտ Քոչարյանը ինձնից շատ ավելի լավ գիտի տնտեսությունը, ընդհանրապես համաձայն եմ, որ պետք է երկիրը ղեկավարել, ոչ թե  պատճառներ ու պատճառաբանություններ ման գալ, թե ինչու չեն կարողանում երկիրը ղեկավարել: Այս կառավարությունը ձախողել է երկրի ղեկավարումը, հետեւաբար՝ շատ հարցերում՝ ընդունելի է, ինչ-որ ասում է երկրորդ նախագահը»,- նշեց ՀՅԴ անդամը:

Միեւնույն ժամանակ, Արտյուշա Շահբազյանը շեշտեց, որ «արտառոցն այն է, որ Տիգրան Սարգսյանը եղել է այն իշխանության մեջ, որին այժմ քննադատում է: Արտառոց է այն, որ նա քննադատում է այն կառավարությանը, որը ղեկավարել է Անդրանիկ Մարգարյանը, որի կառավարման, եւ անձի վերաբերյալ բոլորովին այլ կարծիք եւ վերաբերմունք ունեն ՀՀԿ-ականները»:

«Կյանքը ցույց է տալիս, որ Տիգրան Սարգսյանը կարող է այդ ամենի վրայով անցնել, եւ կտեսնենք, որ հիմա իրեն են պաշտպանելու, եւ չի գտնվի մեկը, որ ասի, թե ինչեր ես խոսում»,- ասաց ՀՅԴ անդամը: Նա շեշտեց, որ ակնհայտ է, որ մենք ձախողումների մեջ ենք, տարեցտարի երկիրը վտանգավոր անկումների մեջ է եւ այդքան բարոյականություն եթե ունենային՝ պետք է մտածեին խնդիրների մասին, ոչ թե պատճառաբանություններ հորինեք:

Արտյուշա Շահբազյանը շեշտեց, որ կառավարությունը, դատական համակարգը իրեն ծիծաղելի վիճակի մեջ է դնում, երբ փորձում է փրփուրը բերանին արդարանալ, «մարդիկ հավատում են ոչ թե խոսքերին, այլ այն կյանքին, որը ապրում են, այնպես որ պետք է մտածել ոչ թե խելոք բաներ ասելու մասին,  այլ երկիրը կառավարելու մասին, եթե իհարկե ունակ են»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսում հնչած հայտարարությանը, կապված «շինարարության փուչիկի» պայթելու հետ:

Մասնավորապես, Քոչարյանը նշել էր, որ «թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար», որ վարչապետը կամ «բանականության դեգրադացիա» է ապրում, կամ «բարոյականության դեգրադացիա»:

Դրանից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր հասցեին արված քննադատությանը: Նա դրան պատասխանել էր «Ֆեյսբուքի» իր էջում, այնուհետեւ ներկայացրել էր իր վերլուծությունը «շինարարության փուչիկի» մասին: Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հարցազրույցն էր տվել՝ այս անգամ անդրադառնալով վարչապետին, գազային համաձայնագրերին եւ կուտակային բարեփոխմանը: