Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր քաղաքացիական կնոջը՝ Վալերի Տրիերվեյլերին, պատմել է իր սիրուհու՝ դերասանուհի Ժյուլի Գայայի մասին նախքան այդ սկանդալային նյութը հրապարակվել է Closer պարբերականում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Le Parisien-ը:
«Ֆրանսուա Օլանդը հինգշաբթի անձամբ է այդ տհաճ նորությունը հայտնել իր կյանքի ընկերոջը: Խոստովանությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում, առանց սկանդալի եւ աղմուկի: Օլանդը ոչինչ չի հերքել»,-գրում է Parisien-ը:
Տրիերվեյլերի շրջապատի աղբյուրի փոխանցմամբ՝ նրա համար Օլանդի խոստովանությունը ծանր հարված է եղել: «Իհարկե, նա տեղյակ էր խոսակցություններից, որոնք վերջին շաբաթներին շրջում էին Փարիզում, բայց նա չէր ցանկանում հավատալ, որ դրանք ճիշտ են»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը Օլանդն ու Վալերին միասին են նշել:
Օլանդի դավաճանության մասին մամուլի հրապարակումից քիչ անց Տրիերվեյլերը հայտնվել է հիվանդանոցում: Ենթադրվում է, որ դա կարող է կապ ունենալ նախագահի հրապարակային սկանդալի հետ:
Ֆրանսիայի նախագահին մեղադրել են առաջին տիկնոջը դավաճանելու մեջ





























